Տեխնոլոգիական ու ինտելեկտուալ հզորությունը դրանք ծնող երկրներից դուրս հանելը կարող է ունենալ շատ կարևոր աշխարհաքաղաքական հետևանքներ, այդ թվում նաև ուրիշների կրթական համակարգերի վերելքն ու գլոբալ ուժերի դասավորությունն աշխարհում։
Անկախ նրանից, թե տեխնոլոգիա ու գիտելիք արտահանող երկրներում ինչպիսին են պետության և կապիտալի փոխհարաբերությունները, այսինքն, ո՞վ է ավելի շահագրգռված այդ արժեքների արտահոսքով, պետությունը, թե կապիտալը, դրա աշխարհաքաղաքական իմաստը մնում է նույնը։
Միայն այն տարբերությամբ, որ երբ կապիտալի վերպետական գործունեությունը չափից դուրս է ակտիվանում և սկսում է հակասել պետական շահին, ապա դա աշխարհաքաղաքական մակարդակով բերում է գլոբալ ուժերի դասավորության լուրջ փոփոխության։
Ճիշտ այդպիսին էր Պուտինի և Խոդորկովսկու միջև կոնֆլիկտը և, ընդհանրապես, մինչև Պուտինի իշխանության անցնելը օլիգարխների կողմից պետական շահերը հաշվի չառնող գործունեությունը։
Այսինքն, անկախ նրանից, թե ժամանակին ԱՄՆ-ի օգնությամբ ինչպես ստեղծվեց ԽՍՀՄ-ի ծանր արդյունաբերությունը, կամ էլ նույն ԱՄՆ-ի ֆինանսական ու տեխնոլոգիական աջակցությամբ ինչպես վերելք ապրեց Չինաստանը, և թե ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի կողմից Հունգարիայում կառուցվող ատոմակայանը ԵՄ-ի վրա, քանի որ դա մեծ փոփոխություն է նրա էներգետիկ դաշտում, նման արտահոսքերը կարող են վճռականորեն ազդել գլոբալ քաղաքականության վրա։
Էներգետիկ, ռեսուրսային և տեխնոլոգիական քաղաքականությունները այն գործոններն են, որոնք էապես կարող են ազդել նաև աշխարհի տնտեսաքաղաքական բլոկների ձևավորման վրա, մի պրոցես, որը կարող է ծնել նոր ու աննախադեպ պրոբլեմներ ու հակասություններ լուրջ խաղացողների միջև։
Այս իմաստով շատ առանձնահատուկ է ԵՄ-ի օրինակը, որը կայունության իմաստով շատ հեռու է ինքնուրույն քաղաքականությամբ տնտեսաքաղաքական ու ռազմական բնույթի բլոկ լինելուց, քանի որ վառ արտահայտված լիդեր չունի, այլ ունի իրենց հզորությամբ մոտավորապես համարժեք մի քանի պետական միավորներ և այս առումով պոտենցիալ անկայունության դասական օրինակ է։
Պավել Բարսեղյան